Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը
Երևան, 27 մայիսի – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցին, որը, նրա խոսքով, մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
«Այդ թվում նաև այն պատճառով, որ ընտրությունները մոտ են։ Եվ հայկական կողմն ընտրությունների նախաշեմին, այս քաղաքական ուժը [գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը] կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը դուր կգա հայերին»,- ասել է Պեսկովը։
Նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե Մոսկվան օգտագործում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման ընտրությունների հետ կապված։ «Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը։
Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը։ «Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։