Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ կվերցնի

AA50C9EeC4AFb1

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստան-Համաշխարհային բանկի միջև կնքվելիք համաձայնագրի նախագիծը, համաձայն որի՝ պետական բյուջեի համալրման նպատակով Հայաստանը կվերցնի 170,3 մլն եվրո վարկ։

Վարկի պայմանները հետևյալն են․ տարեկան մոտ 3,7% տոկոսադրույք, 28 տարի վերադարձման ժամկետ և 10 տարի արտոնյալ ժամանակահատված։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել բարեփոխումների ծրագիր, որը կառավարության կողմից մշակվել է տնտեսության առողջացման նպատակով։ Այս ծրագրի հիմնական ուղղություններից են՝

Տնտեսական մրցակցության օրենսդրության բարելավումը՝ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի կատարելագործումը։
Ներդրումների իրավական երաշխիքների ամրապնդումը՝ «Ներդրումների մասին» օրենքի նոր փոփոխությունների ընդունումը, որը կապահովի լրացուցիչ իրավական պաշտպանություն ներդրողներին։
Հակամրցակցային գործողությունների կանխարգելումը՝ Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը՝ գնային սպեկուլյացիաների և այլ հակամրցակցային վարքագծերի դեմ պայքարելու համար։
Կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը՝ բիզնեսի համար ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագրի ներդրումը։