Հայկական կողմի հետ համագործակցության խնդիրները պայմանավորված են ներքին համակարգերի բացակայությամբ

6BEd87e

Ինչպես հայտնի դարձավ, Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտն իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանից Ռուսաստան ներկրվող արտադրանքի որակի և անվտանգության հարցերին։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հայկական կողմի կողմից արտադրական ողջ գործընթացի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհնարինությունն է։

Սերգեյ Դանկվերտը նշել է, որ Ռոսսելխոզնադզորը պահպանում է կապ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ և չունի դժգոհություններ նրա աշխատանքից՝ նշելով, որ նա իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է։

Սակայն, Ռոսսելխոզնադզորի ղեկավարի դիտարկմամբ, Հայաստանում կոոպերացիայի կամ պետական համակարգերի ստեղծումը, որոնք կօգնեին ֆերմերներին արտադրանքի որակը վերահսկելու գործում, չի իրականացվել։ Նա նկատել է, որ հազարավոր մարդիկ, որոնք զբաղվում են մրգի և բանջարեղենի հավաքմամբ, չեն կարող ինքնուրույն հետևել իրենց աշխատանքին, ինչը դժվարացնում է վերահսկողությունը։

«Երբ այս ամենն արված չէ, բողոքները ներկայացվում են պարենային ծառայությանը։ Իսկ նրանք ի վիճակի չեն դա անել»,— պարզաբանել է Սերգեյ Դանկվերտը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են ներքին վերահսկողության համակարգեր, որոնք պետք է կազմակերպեն արտադրողները։

Նրա կարծիքով՝ այդ համակարգերը կարող են լինել կոոպերատիվներ, խորհրդատվական ծառայությունների մատուցում կամ ֆերմերների որոշակի ծախսերի սուբսիդավորում։

Սերգեյ Դանկվերտը նաև նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կապի դուրս չեն եկել Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ նրանք կարծում են, որ այդ հարցերով պետք է զբաղվի հենց վերահսկող ծառայությունը, սակայն վերահսկող ծառայությունը միայն վերահսկում է, թե ինչպես են այլ կառույցներ իրականացնում իրենց պարտականությունները։