Հայաստանում սերիական արտադրության են դրվել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է RISE Expo Powered by Silicon Mountains 2026 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը և ծանոթացել ցուցադրված նորարարական նմուշներին։
Ցուցահանդեսի ընթացքում վարչապետը նշել է, որ ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված որոշ նմուշներին ծանոթ է։ Նա նստել է ցուցադրված ACE զրահապատ մեքենայի մեջ, որը դեռևս պետական փորձարկում չի անցել, և հետաքրքրվել է դրա տեխնիկական առանձնահատկություններով՝ համեմատելով այն ֆրանսիական Bastion մոդելի հետ։
Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Davaro ընկերության զրահապատ մեքենա, որը մշակվում է հայ-ֆրանսիական համատեղ ուժերով և համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Այսինքն՝ արդեն մրցակցություն էլ ենք ունենալու։ Լավ է», – նշել է վարչապետը՝ բարձր գնահատելով տեղական արտադրողների հաջողությունները։
Փաշինյանը հետաքրքրվել է նաև ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերով, տարբեր անօդաչու թռչող սարքերով և արհեստական բանականությամբ հագեցած ռումբերի նմուշներով։ Արտադրողների տեղեկացմամբ՝ այս նախագծերով հետաքրքրված են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը։
Վարչապետի ուշադրությունը գրավել է «Արսենալ» ընկերության արտադրանքը, որի շարքում առկա է 122 մմ հրթիռների բազմակի հրթիռային համակարգերի համար։ Նա զարմացել է, որ Հայաստանում արդեն սերիական արտադրության են դրվել ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրետանային արկեր։
«Ես բաց էի թողել այդ պահը, որ անցել է փորձարկումը։ Քանի որ հիմա մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է, և շատերն էին ասում՝ որտեղի՞ց եք գտնելու 155 մմ արկեր, ո՞վ է ձեզ վաճառելու։ Նախ՝ ով չի մեզ վաճառելու, մե՛նք ենք վաճառելու», – ասել է Փաշինյանը՝ ընդգծելով Հայաստանի զենքի արտադրության ոլորտում ապագա հնարավորությունները։
Նրա խոսքով՝ խոշոր մատակարարման պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը նաև արտադրում է 122 մմ և 152 մմ արկեր՝ խորհրդային/ռուսական արտադրության զենքերի համար։
Ցուցահանդեսում ծանոթացել են նաև գիշերային տեսողության սարքերի, սահմանային հսկողության տեսախցիկների, զրահաբաճկոնների և սաղավարտների արտադրությանը։