Հայաստանը գտել է հայկական արտադրանքի համար նոր շուկաներ՝ դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով

FC8a7a53B5f0047

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ծագած բոլոր դժվարությունները լուծելու է հանգիստ և կառուցողական մթնոլորտում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին։

«Մենք չենք պատրաստվում ավելացնել այդ լարվածությունը, ճիշտ հակառակը՝ մենք պատրաստվում ենք հանգիստ, կառուցողական, գործընկերային և աշխատանքային մթնոլորտում քննարկել։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, առաջին անգամ չեն նման խնդիրները»,– նշեց նախարարը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները խթան են եղել «մատակարարումների դիվերսիֆիկացման» համար։

«Այս դրվագը մեզ հնարավորություն տվեց գործնական դաշտ բերել տնտեսական դիվերսիֆիկացիան՝ հայկական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը, իսկ աշխարհագրությունը շատ լայն է՝ Հյուսիսային Եվրոպայից մինչև Թուրքիա և Արաբական աշխարհ։ Շատ հաջող է ընթանում այս փնտրտուքն, ու անսպասելի տեղերում գործընկերներ են գտնվում, որոնք նախորդիվ այդքան իրատեսական չէին համարվում»,– ավելացրեց Միրզոյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանից ծաղիկների մի խմբաքանակ արտահանվել է Հյուսիսային Եվրոպայի երկրներ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը հաջորդաբար սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների ներկրումը՝ սննդամթերքի անվտանգության կանոնների խախտումների կասկածով։ Սահմանափակումների ներքո են ընկել թարմ պտուղները, բանջարեղենը, կորիզավոր պտուղները, խաղողը, սերմացու պտուղները, սմբուկը և կարտոֆիլը։