Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին՝ «Արմենին պետք էր զրկել ազատությունից»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով դատական որոշումները քաղաքական բնույթ են կրում։
Առավոտյան հրապարակվել էր, որ դատարանը երկարաձգել է Աշոտյանի կալանքը։ Այս որոշումը, ըստ Աբրահամյանի, զարմացում չի առաջացնում, քանի որ նա դատարանը որակում է որպես «փաշինյանական»։
«Բոլոր այն հանգամանքները, որոնք դրված են Արմեն Աշոտյանին վերագրվող հանցանքում, որևէ ձևով գոյություն չունեն, որևէ առնչություն չունեն նրա հետ։ Միակ բանը, որը բանական մարդու մտքով անցնում է, դա այն է, որ այդ պահին իշխանությանը պետք է եղել, որ Արմենին զրկեն ազատությունից, և Արմենին զրկել են ազատությունից։ Մնացած մասով այս գործի հետ կապված որևէ խոսելու բան պարզապես գոյություն չունի։ Նույնիսկ դատական նիստերում, անկախ նրանից, թե փաստաբանները որքանով հիմնավորված, փաստարկված են ներկայացնում, և զուգահեռ որքանով աղքատիկ են և գոյություն չունեցող են քննչական մարմինների կողմից ներկայացվող մեղադրանքները, միևնույնն է, դատարանը հաշվի չի առնում», – նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշում էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Ըստ կոմիտեի՝ նրանց վարույթ է հարուցվել շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման կասկածանքով։