Քոչարյանը՝ ընտրություններից հետո. «Փորձում են վախ սերմանել, բայց մենք չենք նահանջելու»
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն, կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ միասին քվեարկեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանը նշեց, որ իրենք քվեարկել են հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ երկրի։ Նա հավելեց, որ իրենց իշխանության գալուց հետո երկրում ռադիկալ փոփոխություններ կլինեն։
«Անցած անգամ մեր մանդատները բավական չէին նպատակին հասնելու համար։ Մենք ընդդիմությունում էինք, պայքարում էինք, և ոչ մեկի մոտ կասկած չկար, որ հենց մենք էինք ռադիկալ ընդդիմադիր ուժը»,- ասաց նա։
Քոչարյանը անդրադարձավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվող հաղորդագրություններին։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները ուղղված են ընտրողների մեջ վախ սերմանելուն։
«Երեկ հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր։ Ամբողջ օրն ինչ-որ ձայնագրություններ էին տարածվում։ Տպավորություն է, թե մեր երկրում բոլորը գաղտնալսվում են։ Եթե հաշտ եք այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որն այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է։ Ես այսպիսի բան չեմ հիշում, որ այսքան քրեական գործեր լինեն հարյուրավոր մարդկանց վրա, և բոլորն էլ ընդդիմադիր»,- նշեց նախկին նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնցում մասնակցում են 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։