Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման փուլին

EC9fF101b

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ ռուս-հայկական միջպետական հարաբերությունները մոտեցել են փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողությունները վերաիմաստավորելու և ադապտացման փուլին։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանք տանել կառուցողական փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկին մտել է դժվարին փորձությունների շրջան, սակայն երբեք ոչ մեկին չի հաջողվել կոտրել նրա ոգին կամ ստիպել հրաժարվել անկախությունից։ «Նրանց, ովքեր չեն կարողանում հաշտվել մեր երկրի ինքնիշխան և ինքնաբավ դիրքորոշման հետ, չեն օգնի ո՛չ քաղաքական խարդավանքները, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ ստոր ահաբեկչական հարձակումները, ո՛չ տեղեկատվական դիվերսիաները։ Ինչպես դա բազմիցս եղել է մեր պատմության մեջ, մենք կդիմակայենք և ավելի կուժեղանանք», – նշել է Կոպիրկինը։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հաստատուն տեղ ունի գլոբալ գործընթացների առաջատար և պատասխանատու մասնակիցների շարքում՝ ակտիվորեն նպաստելով ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգիռ գործընկերների հետ միասին առաջ է տանում 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի մշակման գաղափարը։

Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության իրավունքը։ Մոսկվայում հույս ունեն, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի հայ-ռուսական կապերին և ուղղված չի լինի ՌԴ-ի դեմ։

Դիվանագետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բազմապլանային կապերը, միջանձնային շփումները և համատեղ հաղթանակները, առաջին հերթին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարածը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական սփյուռք, և երկու ժողովուրդներին մերձեցնող կարևորագույն գործոնը սեփական պատմության նկատմամբ խորը հարգանքն է։

Կոպիրկինը տեղեկացրել է, որ մարդասիրական համագործակցության խորացման նպատակով նախատեսվում է մինչև այս տարվա վերջ Մոսկվայում անցկացնել Ռուսաստանում Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր և Հայաստանում ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը առաջատար է Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շրջանում, այդ թվում դրամական փոխանցումների ծավալով և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքով։ Ռուսական կապիտալով ընկերությունները խոշոր հարկատուների թվում են և ծանրակշիռ ներդրում ունեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում։