Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն

B92ff5

ՀՀ ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ Մարտունիում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով իր և Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցից։

Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Պուտինը զանգել է Փաշինյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։ ՌԴ նախագահն այդ ընթացքում նշել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Զրույցի մասին հաղորդագրություններ տարածեցին Կրեմլը և Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը զանգեց ծնունդս շնորհավորելու համար, բայց պարզ է՝ բացի այդ, նաև գործնական խոսակցություն ունեցանք ու պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, կունենանք հանդիպում, և բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացվել, իրականում բազմիցս առաջացել են և հանգիստ լուծվել են վերջին տասնամյակների ընթացքում՝ այնպես, որ դրանց մասին հանրությունը նույնիսկ չի էլ իմացել։

«Հիմա էլ կլուծվեն, որևէ կասկած չունենաք», – հավաստիացրեց քաղաքագետը։

Փաշինյանը նաև անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությանը՝ նշելով, որ այս կառույցը հիմնված է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների անկաշկանդ շարժի վրա։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է 2015 թվականից։ ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2010 թվականին և ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Միության անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 12 տարվա ընթացքում աճել է 1.6 տրիլիոն դոլարից մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։