ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի հարցերը

30CaC54eaa

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել են, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին։ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակումն ու քննչական հարցումների կատարումը դարձել է օպերատիվ, ինչը հատկապես նկատելի է վերջին տարիներին՝ ՀՀ քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով՝ կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների և այլ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում։

Արթուր Պողոսյանը նաև ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են նրա և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում։