ՀՀ-ում նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի քաղաքական դրսևորումները դուրս են քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձևաչափերից

Cca734a7e2

ՀՀ-ում ընթացող նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի կողմից կիրառվող քաղաքական մեթոդները դուրս են եկել քաղաքակիրթ և ժողովրդավարական սահմաններից։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը՝ խստորեն դատապարտելով հասարակական դաշտում տարածվող ատելության խոսքը և սպառնալիքները։

Իր հաղորդագրության մեջ խորհուրդը նշել է, որ հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր։

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության հետ կապ ունեցող մի քանի լրատվական կայքեր հրապարակել են տեսագրություն, որում դիմակավորված անձինք, խոսելով արցախյան բարբառով, դիմում են ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը և վերահսկում են նրա շարժը։

Այս իրադարձությանը անդրադառնալով՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, իսկ ՔԿ-ն հայտնել է, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և ապօրինի զենքի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանրային խորհուրդը դիտարկում է տեսագրությունը որպես ակնհայտ սադրանք, որը բեմադրվել է արհեստական կերպով և որը որևէ առնչություն չունի արցախցիների հետ։ Խորհուրդը նշել է, որ նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով ՀՀ հասարակության ներսում առկա զգայունությունը և անվտանգության մարտահրավերները։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ տեսագրությունը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրություն է՝ նպատակ ունենալով Փաշինյանին իբր զոհ ներկայացնել, ժողովրդի վախերի վրա խաղալ և արցախցիներին լրացուցիչ թիրախավորել։

Հանրային խորհուրդը կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից՝ միաժամանակ հորդորելով իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ նման երևույթներին։