ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է իր նկատմամբ հարուցված նոր քրեական գործի և երկիրը լքելու արգելքի հարցերին։
Նախագահը նշել է, որ իր նկատմամբ հարուցված գործը աբսուրդային է և կապված է նրա Հայաստանից 3 օրով մեկնելու փաստի հետ։ Նրա խոսքով՝ մեղադրանքի միակ հիմքը 2004 թվականին կառավարության կողմից կայացված որոշման վավերացումն է, որը նա որպես նախագահ կատարել է։
«Չվավերացնելու տարբերակը Սահմանադրությունը չէր նախատեսում։ Իրականում, դա այն ժամանակվա կառավարության ամենից լավ որոշումն էր, որովհետև այդ որոշման շնորհիվ փրկվեց թենիսի զարգացման հեռանկարը։ Հակառակ դեպքում, այդ տարածքում, հավանաբար, մինչև այսօր մի քանի 20-հարկանի շենք կկառուցեին», – նշել է նախագահը։
Անդրադառնալով երկիրը լքելու արգելքին և դրանից անմիջապես հետո «Զվարթնոց» օդանավակայանում նկարահանված տեսանյութի արտահոսքին՝ Ռոբերտ Քոչարյանը դիտարկել է դա որպես անվտանգային խնդիր։
«Իմ համար, մարդ որն ասում է, որ խնդիր չկա և ԱԱԾ աշխատող ինքն է որոշում, ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար։ Սա ուղղակի արտառոց դեպք է։ Ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, թե ի՞նչ աստիճանի է իր անձնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում», – ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ ԿԸՀ-ին ներկայացված միջնորդության մեջ, որով Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջ էր ներկայացվել, որևէ հանցագործություն նկարագրված չէ։ Գործը վերաբերում է 2004 թվականին կատարված գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որը որևէ կերպ չի վիճարկվել, և որի հետ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։