Հայաստանում սկսվել են զանգվածային ձերբակալություններ
ՀՀ-ում վաղ առավոտից սկսվել են զանգվածային ձերբակալություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ձերբակալությունների ցանկը շատ լայն է։ Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվել են նաև ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մեկ այլ անձ՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով։
Ավելի լայն ցանկում է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը, որին կասկածում են ընտրակաշառք տալու կամ ստանալու մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հայտնել է, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է սկսվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ։