Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին
Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է գազի արտահոսքը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայում են, որ հենց դա է եղել պատճառը։ Մենք կսպասենք փորձաքննության պաշտոնական արդյունքներին, որից հետո կկարողանանք կատարել վստահ եզրահանգումներ։ Սակայն կարող եմ վստահությամբ ասել, որ սպանության հետ գործ չունենք»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարների ջանքերով կրակը մարվել է, սակայն տեղում հայտնաբերվել է 4 քաղաքացու կիսամոխրացած մարմին։